top of page

Շարժական Պրոթեզների Խնամք

  • Writer: Valya Mertarchyan
    Valya Mertarchyan
  • 5 days ago
  • 3 min read

Updated: 5 days ago

ree

Ինչպես ճիշտ խնամել շարժական պրոթեզները


Մաքրեք Ձեր շարժական պրոթեզները ամեն օր, ցանկալի է՝ երկու անգամ՝ սննդի մնացորդները հեռացնելու համար։ Մաքրելու ընթացքում պահեք պրոթեզը ջրով լցված լվացարանի մեջ կամ սրբիչի վրա, որպեսզի այն չվնասվի, եթե այն պատահմամբ ընկնի Ձեր ձեռքից։ Օգտագործեք հատուկ խոզանակ՝ մաքրելու բոլոր մակերեսները, ներառյալ՝ հյուսվածքին-լնդերին շփվող մակերեսը, արհեստական ատամները և արտաքին մակերեսները։ Կարևոր է ընտրել ճիշտ մաքրող նյութ՝ հեղուկ օճառ, մեղմ ձեռքի օճառ կամ պրոթեզների համար նախատեսված ոչ ագրեսիվ մածուկ։

Օգտագործեք հատուկ խոզանակ, որպեսզի պրոթեզների արհեստական ատամները չմաշվեն։

Ինչպե՞ս պահել շարժական պրոթեզը մաքրելիս։


Վերին շարժական պրոթեզը մաքրելիս պահեք պրոթեզը մեկ ձեռքով՝ դնելով այն ձեր ափի մեջ,ոչ թե բռնեք պրոթեզը միայն մատներով:Օգտագործեք ոչ գերիշխող ձեռքը պրոթեզը պահելու համար, իսկ գերիշխող ձեռքով մաքրեք այն հատուկ խոզանակով։Ստորին ծնոտի ամբողջական շարժական պրոթեզը մաքրելիս, մի պահեք պրոթեզը երկու ձեռքերով միաժամանակ երկու կողմերից, քանի որ այդպես կարող է կոտրվի կենտրոնում։ 


Օրական Խնամքի Հիմնական Խորհուրդներ


  • Պահեք պրոթեզները ջրի մեջ։ Չորանալը կարող է վնասել նրանց

  • Մի օգտագործեք տաք ջուր։ Դա կարող է դեֆորմացնել պրոթեզները

  • Մի լցրեք սպիտակեցնող նյութ։ Խիտ քլորի լուծույթները վնասում են գույնը և մետաղական մասերը

  • Մի օգտագործեք սովորական ատամի մածուկ։ Այն կարող է քերծել պրոթեզի մակերեսը


Կարելի՞ Է Քնել Պրոթեզով


Ո՛չ, խորհուրդ չի տրվում։ Պրոթեզը մշտապես ճնշում է գործադրում լնդերի վրա, և լնդերին անհրաժեշտ է "հանգիստ":

Հնարավոր խնդիրներ՝

  • Ցավոտ տեղեր

  • Պրոթեզային ստոմատիտ (լնդերի բորբոքում)

  • Սնկային վարակներ՝ Սնկային վարակ (Կանդիդա)

Խորհուրդ

  1. Հանեք պրոթեզները քնելուց առաջ

  2. Մաքրեք լնդերը փափուկ սովորական ատամի խոզանակով

  3. Մերսեք լնդերը՝ արյան շրջանառությունը բարելավելու համար

Եթե բացարձակապես հնարավոր չէ հանել գիշերը, փորձեք գոնե 4 ժամով հանել ցերեկային ժամերին։


Ինչ հաճախականությամբ փոխել շարժական պրոթեզը


Շարժական պրոթեզները սովորաբար պետք է փոխել յուրաքանչյուր 5–7 տարին մեկ անգամ։Պատճառը հետևյալն է՝ Ժամանակի ընթացքում ծնոտի ոսկրային հյուսվածքը քչանում է (ներծծվում է)։ Սա բնական գործընթաց է, քանի որ այլևս բացակայում են բնական ատամները:

Արդյունքում՝

  • Պրոթեզը չի համապատասխանում նոր ձև ստացած ծնոտին

  • Պրոթեզը սկսում է շարժվել բերանի մեջ, այն կարող է վնասել լնդերը

  • Առաջանում են անհարմարություն, ցավոտ կետեր, և բորբոքումներ

Ահա թե ինչու պրոթեզի պարբերական ստուգումը   ու հնարավոր փոխարինումը չափազանց կարևոր է։

Շարժական պրոթեզը ժամանակի ընթացքում մաշվում է ։ Պրոթեզի ատամները կարող են մաշվվել, գունափոխվել կամ կուտակել նստվածք և ատամնաքար։ Խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ այցելել ատամնաբույժին՝ պրոթեզի հարմարեցման, վերանորոգման անհրաժեշտությունը գնահատելու համար։


Կարելի՞ է ինքնուրույն վերանորոգել շարժական պրոթեզը


Ո՛չ։ Երբեք մի փորձեք ինքներդ հարթեցնել շարժական պրոթեզի կոշտ եզրերը։ Երբեք մի փորձեք ինքնուրույն վերանորոգել կոտրված շարժական պրոթեզը։ Դուք կարող եք վնասել պրոթեզը անդառնալիորեն և այն այլևս հնարավոր չի լինի օգտագործել։Դա կարող է

  • խաթարել պրոթեզի ճիշտ հպումը լնդերին

  • առաջացնել անհարմարություն կամ լնդերի վնաս

  • և ի վերջո՝ բարձրացնել պրոֆեսիոնալ վերանորոգման արժեքը


Հիվանդները հաճախ փորձում են տուն ինքնուրույն վերանորոգել պրոթեզը, բայց սա սխալ է:Ճիշտ լուծումը՝ դիմեք ատամնաբույժի կամ պրոթեզ պատրաստող մասնագետի։


Պրոթեզային սոսինձներ՝ երբ և ինչպես օգտագործել դրանք


Շատերը հարց են տալիս՝ արդյոք պետք է սոսինձ օգտագործել շարժական պրոթեզները ամրացնելու համար։ Եթե պրոթեզը լավ է հարմարեցված, սովորաբար սոսինձ պետք չէ։ Բայց երբեմն այն կարող է օգնել, եթե պրոթեզը մի քիչ շարժվում է, կամ ուզում եք հավելյալ վստահություն խոսելու կամ ուտելու ժամանակ։Սոսինձը չի կարող փոխարինել ճիշտ պատրաստված պրոթեզին։ Բայց այն կարող է տալ հավելյալ ֆիքսացիա և հարմարավետություն՝ հատկապես եթե ծնոտի ոսկորները ապաճել են, կամ պրոթեզը մի փոքր թուլացած է։


Ինչի՞ց են պատրաստված պրոթեզային սոսինձները


Պրոթեզային սոսինձները լինում են երկու հիմնական տեսակ՝

  • Ջրում լուծվող՝ մածուկի, փոշու կամ կրեմի տեսքով

  • Ոչ լուծվող՝ բարձիկների կամ ժապավենների տեսքով


Ջրում լուծվող սոսինձները կիրառվում են ամենաշատը։ Դրանք ակտիվանում են բերանի խոնավությամբ, լցնում են բաց տարածքները լնդերի և պրոթեզի միջև, ինչի արդյունքում պրոթեզն ավելի ամուր է  ֆիքսվում։Որոշ սոսինձներ պարունակում են ցինկ։ Եթե երկար ժամանակ շատ եք օգտագործում, կարող են ի հայտ գալ կողմնակի ազդեցություններ։


Ինչպես օգտագործել սոսինձը


Փոշի տեսքով սոսինձի դեպքում՝

  • Մաքրեք պրոթեզը և բերանը

  • Թեթև խոնավեցրեք պրոթեզը

  • Փոշին տարածեք բարակ շերտով՝ այն մասում, որն առնչվում է լնդերին

  • Տեղադրեք բերանում,թույլ կծեք մի քանի վայրկյան


Մածուկ կամ կրեմի դեպքում՝

  • Լավ մաքրեք և չորացրեք պրոթեզը, քսեք սոսինձը փոքր կետերով՝ հիմնականում վերին մասում՝ 4–5 կետ, ստորին մասում՝ 2–3

  • Տեղադրեք բերանում և սեղմեք՝ ապահով ամրության համար


Հիշեք՝ ամեն օր մաքրել պրոթեզը։ Պրոթեզի վրա մնացած սնունդը կարող է դառնալ բակտերիաների աղբյուր և գրգռել լնդերը: Ատամների բացակայության դեպքում ծնոտի ոսկրերը սկսում են նվազել:Երբ ատամները բացակայում են և պրոթեզները այլևս չեն համապատասխանում ծնոտներին, անհրաժեշտ է դրանք փոխարինել ամեն 5–7 տարին:


Մնացե՛ք առողջ, հետևե՛ք ինձ, և տարածե՛ք այս հոդվածը՝ օգնելու նրանց, ում համար այս տեղեկատվությունը կարևոր է։


Իմ հաջորդ բլոգը նվիրված կլինի իմպլանտներին՝ որպես շարժական պրոթեզների օժանդակ բուժման տարբերակ։



Comentarios


bottom of page